



ԱրմԻնֆո. Երևանում կայացած հանդիպման ընթացքում երկկողմ հայ-գերմանական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Գերմանիայի Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին՝ այն ոլորտներում, որոնք ամրագրված են Հայաստանի վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրում։
Ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ Հայաստանից Գերմանիա գյուղատնտեսական արտահանման ծավալների ավելացման և գործարար կապերի զարգացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ։


