
Արմինֆո. Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելու, արձանագրությունները խեղաթյուրելու կամ համալիրը «աղվանական» հռչակելու փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը։ Facebook-ի էջում նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը՝ սեպտեմբերի 11-12-ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ բռնազաավթված Արցախ այցի առնչությամբ: Խորհուրդը դա որակել է որպես Ադրբեջանի հոգևոր-մշակութային վանդալիզմի հերթական ակտ և ցինիկ սադրանք:
«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի սադրիչ այցը Արցախի հայկական հոգևոր-մշակութային բացառիկ արժեքներից մեկը՝ Գանձասարի միջնադարյան վանական համալիր, և այնտեղ՝ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, կազմակերպված էժանագին քարոզչական ներկայացումը։
Ադրբեջանի պետական մեքենան շարունակում է հայկական պատմական հետքի ոչնչացման, մշակութային ժառանգության յուրացման և բռնի աղվանացման հանցավոր քաղաքականությունը։ Առանձնապես դատապարտելի է հայկական հին ձեռագրերը ծաղրի ենթարկելը, դրանք կեղծարարություն ներկայացնելը և ձեռագրերի նմանակների «դատարկ էջերի» ցուցադրմամբ հայկական ժառանգությունն անվանարկող բեմադրությունը։
Ընդգծում ենք, որ որևէ տարածքի նկատմամբ փաստացի կամ իրավական վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական և կրոնական ինքնությունը։ Հայկական վանքը, եկեղեցին, խաչքարը, արձանագրությունը կամ ձեռագիրը, անկախ գտնվելու վայրից, մնում է հայկական ժառանգության մաս և ենթակա է միջազգային իրավունքի պաշտպանությանը։
1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պարտավորեցնում են հարգել ու պահպանել մշակութային արժեքները, այդ թվում՝ գրավյալ տարածքներում։ Նույն կոնվենցիայի 1999 թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքի այնպիսի փոփոխությունը կամ օգտագործումը, որի նպատակն է թաքցնել կամ ոչնչացնել դրա մշակութային, պատմական կամ գիտական պատկանելության վկայությունները։
Հետևաբար Գանձասարի հայկական ինքնությունը կեղծելու, արձանագրությունները խեղաթյուրելու կամ համալիրը «աղվանական» հռչակելու փորձերը չեն կարող փոխել նրա իրական ծագումն ու պատկանելությունը։ Դրանք հայկական մշակութային ինքնության հետքերը վերացնելուն նպատակաուղղված քաղաքականության դրսևորումներ են։
Այս ամենը տեղի է ունենում թուրքական կողմին ենթակա երևանյան իշխանությունների լուռ համաձայնության և անգործության պայմաններում, ինչը թշնամուն հնարավորություն է տալիս անպատիժ շարունակելու ոտնձգությունները մեր հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ։
Դատապարտում ենք նաև տեղում ներկա օտարերկրյա դիվանագետների պահվածքը։ Նրանց լռությունը հայկական բացառիկ ժառանգության բացահայտ յուրացման և պատմության կեղծման պայմաններում ընկալվում է որպես Ադրբեջանի մշակութային զտման քաղաքականության նկատմամբ հանդուրժողականություն։
Պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից և միջազգային հանրությունից հստակ ու հասցեական գնահատական տալ Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմին և գործուն քայլեր ձեռնարկել դրա հետագա ոչնչացումը կանխելու համար։
Միևնույն ժամանակ հայտարարում ենք․ ի հեճուկս մեր թշնամիների և նրանց սպասարկողների՝ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվելու իր պատմությունից, սրբություններից և հայրենիքից։ Հայ ժողովուրդը տեր է կանգնելու դրանց և վերականգնելու է իր իրավունքները։ Այդ օրը հեռու չէ», - ասվում է ԱԺԲ խորհրդի հայտարարությունում։
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Արցախ, եղել են Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է ողջ հայկական ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո: Այնուհետև նրանք այցելել են հայկական Դադիվանք և Գանձասար վանքեր և հիացմունքով լսել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հեքիաթներն այն մասին, թե, իբր, դրանք Աղվանական սրբավայրեր են։ Մասնակիցների թվում է եղել նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով լրագրողներին հաղորդել է Ադրբեջանից և բռնազավթված Արցախից հետո Հայաստան այցելելու մտադրության մասին: