
Արմինֆո. «Washington Post» պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքականության մեկնաբան, մրցանակակիր լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին։
Ինչպես հաղորդում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունը, Իգնաթիուսը կաշխատի հանձնաժողովի մյուս պատվավոր անդամների հետ`աջակցելով «մարդը՝ մարդասիրության առանցքում» գաղափարի տարածմանն ու առաջ մղելով արդի ամենահրատապ ճգնաժամերի առաջնագծում գործող մարդասեր-հերոսներին։ Նա կմասնակցի «Ավրորա» մրցանակի հավակնորդների, ապա՝ դափնեկրի ընտրությանը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։
«Դեյվիդ Իգնաթիուսն իր ողջ կարիերան նվիրել է աշխարհի ամենածանր պատմությունները ներկայացնելուն։ Այժմ նա միանում է մեզ՝ որոշելու, թե ում պատմությունն է արժանի «Ավրորա» մրցանակին։ Մեծ պատիվ է ողջունել նրան այս հանձնաժողովում․ նրա դատողությունը կառաջնորդի մեզ դեպի նրանց պատմությունները, ում խիզախությունն արժանի է գնահատանքի»,- ասել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։
2016 թվականից Դեյվիդ Իգնաթիուսը միշտ եղել է «Ավրորայի» կողքին եւ վարել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունները՝ օգնելով հանդիսատեսին հաղորդակից լինել խիզախության, նվիրումի եւ մարդասիրական գործունեության մասին տպավորիչ պատմություններին։ Իգնաթիուսի ձայնը մշտապես հնչել է «Ավրորայի» տարբեր միջոցառումների ընթացքում։ Նա մասնակցել է տարբեր թեմաներով անցկացվող քննարկումների, ինչպես օրինակ՝ արձագանքը մարդասիրական ճգնաժամերին եւ հանրային առողջությունը հակամարտության պայմաններում։ Դեյվիդ Իգնաթիուսը վարել է նաեւ «Ավրորայի» հիմնադրման գործում առանցքային դերակատարում ունեցած անձանց հիշատակին նվիրված միջոցառումներ։
«Բեմում, թե քննարկումների ժամանակ լինելով «Ավրորայի» կողքին՝ ես զգացի «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վերականգնողական ուժը, որ կարեկցանքի եւ խիզախության մի դրսեւորումը հակված է ոգեշնչելու մյուսին, եւ այդ մեկը ոգեշնչում է հաջորդին։ Ինձ համար պատիվ է ստանձնել այս նոր դերը եւ աջակցել այն բացառիկ մարդասերներին, որոնք կշարունակեն այդ շղթան»,- ասոլ է Դեյվիդ Իգնաթիուսը։
Դեյվիդ Իգնաթիուսը «Washington Post» պարբերականի սյունակագիր է, որում շաբաթը երկու անգամ արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծական հոդվածներ է հրապարակում՝ սկսած 1998-ից։ Նա շարունակել է վարել այս սյունակը նույնիսկ այն երեք տարիների ընթացքում, երբ Փարիզում զբաղեցնում էր «International Herald Tribune» թերթի գործադիր խմբագրի պաշտոնը։ Իր գործունեության շնորհիվ 2018-ին նա Պուլիցերյան մրցանակի «Հանրային ծառայություն» անվանակարգի եզրափակիչ փուլ անցած թիմում էր։ Իգնաթիուսն արժանացել է Ֆրանսիայի կառավարության Պատվո լեգեոնի շքանշանի, Ջերալդ Լոուբի մրցանակի՝ որպես մեկնաբան։ Նրան շնորհվել է Ջորջ Փոլքի մրցանակ եւ Արտասահմանյան մամուլի ակումբի մրցանակ՝ արտաքին քաղաքականության թեմաները լուսաբանելու համար։ «Ի սկզբանե Դեյվիդը եղել է «Ավրորայի» ընկերը։ Ինչպես մեր համայնքի շատ անդամներ, նրա ընտանիքը նույնպես ունի վերապրումի իր պատմությունը, բայց հետ նայելու փոխարեն նա որոշեց հայացքն ուղղել դեպի ապագա։ Ավելին, նա հանձնաժողով է բերում տասնամյակներ շարունակ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններում կատարած իր լրագրողական փորձը եւ համաշխարհային մոտեցումը, ինչը քչերը կարող են մեկտեղել»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
2027 թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումները շարունակվում են։
"Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպություն է, որը նպատակ ունի տեղում լուծումներ գտնել համաշխարհային մարդասիրական խնդիրներին ՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել անապահովներին աջակցությանը: Նրա առաքելության ակունքները հայոց պատմության մեջ են, քանի որ նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների և ձգտում է այդ փորձը վերածել համաշխարհային շարժման: