
Արմինֆո. Ավարտվել է կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:
Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի, Գ.Գ.-ի և Ա.Ավ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, նախկին նախարարը պաշտոնեական դիրքն օգտագործել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդու, կառավարման խորհրդի ղեկավարի, ռեկտորի և բուհի երեք պրոռեկտորների (Ա.Ա., Ա․Հ. և Գ.Հ.), ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձի (Գ. Թ.) հետ կոռուպցիոն սխեմայով Պուշկինի փողոցի թիվ 38/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ու 451,1 քմ մակերեսով (209 մլն դրամ արժողությամբ) հողատարածքը բարձրաստիճան պաշտոնյայի հիմնադրամին փոխանցելու համար: Բացի այդ, բուհը զրկվել է իր գույքն օգտագործելու հնարավորությունից ։ Գույքի ապօրինի ծագումը թաքցնելու համար այն, նախ, գրանցվել է Գ.Թ. - ի անվամբ, որից հետո իրականացվել է դրա շինծու վաճառքը Ա. խ.- ին: Քրեական հետապնդում է նախաձեռնվել 7 անձի նկատմամբ ՝ լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով: