


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 40 հազար քաղաքացիներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ Նրա հավաստմամբ՝ այդ թվից ավելի քան 12 հազարը բաժին է ընկնում անչափահասներին։
Ընդ որում, 2025 թվականից ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 28 հազար արցախցի, որից 8.6 հազարը ՝ միայն այս տարի։
Պատասխանելով արցախցիների սպասարկման տեմպերի վերաբերյալ դիտողություններին՝ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշել է, որ ծառայությունները մատուցվել են համապատասխան կառույցների հնարավորությունների շրջանակում, ինչը հաստատվել է նաև Սահմանադրական դատարանի վճռով:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, որին նախորդել էր գրեթե 10-ամսյա շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար արցախցի։



