
Արմինֆո. Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն հայոց կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Այդ մասին ասվում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունում։
«Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։
Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։ Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է։
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բոլոր հայրենակիցներին կոչ է անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։ Դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ ք.Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով», - ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։