
Արմինֆո. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում։ Այդ մասին օգոստոսի 6-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նոր սահմանադրությամբ ամրագրվելու է եկեղեցի-պետություն տարանջատման մասին դրույթ։
Նոր տեքստի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ նախարարը չի հաղորդել, նշելով, որ խոսքը նոր հայեցակարգի մասին է։
"Մենք գործ ունենք նոր հայեցակարգի, նոր սահմանադրության նոր տեքստի հետ։ Բոլոր կետերի վերաբերյալ մեր գործընկերները տարբեր առաջարկներ ունեն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ նրանք գործունեություն են ծավալում, ուստի նպատակահարմար չեմ գտնում յուրաքանչյուր կետի վերաբերյալ բովանդակային ասպեկտները ներկայացնել", - ասել է Գալյանը։
Ընդ որում, նախարարը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ սահմանադրության հրապարակված տեքստի բացակայությունը ոմանք կապում են դավադրական դրդապատճառների հետ ։ Նա վստահեցրել է, որ ոչ մի տեքստ չի ընդունվի առանց նախնական հրապարակման՝ ինչպես ՀՀ սահմանադրության, այնպես էլ ցանկացած այլ օրինագծի պարագայում:
Գալյանի ասելով՝ սկզբունքային նշանակություն չունի, թե կոնկրետ երբ կհրապարակվի նախագիծը, քանի որ, ամեն դեպքում, դրա շուրջ երկար և մանրամասն հանրային քննարկումներ կլինեն:
«Մենք ասել ենք, որ ուզում ենք ՀՀ նոր սահմանադրություն ունենալ, բայց, թե արդյոք կունենանք նոր սահմանադրություն, կորոշի Հայաստանի ժողովուրդը։ Քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ մենք ուզում ենք փոխել ՀՀ սահմանադրությունը, և ժողովուրդը մեզ վստահություն է հայտնել։ Դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ՀՀ սահմանադրության մշակման ուղղությամբ", - ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը խորհրդարանում ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար:
Հավելենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվից հաճախ են հնչում Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր, տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Այդ և մյուս պահանջների կատարումը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։