


Արմինֆո Պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը։ Այդ մասին թուրք լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։
Ըստ Milliyet-ի՝ Հաջիևը նշել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բաղկացած է ոչ միայն թղթի վրա արված հայտարարություններից։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը գործնական քայլերով վերահաստատել է խաղաղության իր հանձնառությունը:
"Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ ներկայիս հայկական վարչակազմն ընդունել է "Իրական Հայաստանի" հայեցակարգը՝ որպես հիմնարար մոտեցում։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի նրա սահմանադրության մեջ: Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարություններ են արել այն մասին, որ կընդունեն նոր սահմանադրություն", - ասել է Հաջիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրներ չեն լինի: "Մեր նպատակն է ավարտին հասցնել խաղաղության գործընթացներն Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև՝ Թուրքիայի և Հայաստանի միջև՝ զուգահեռաբար", - հավելել է նա:
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը նոր աշխարհաքաղաքական իրողության մաս է հանդիսանում. "Դա համապատասխանում է ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի շահերին, քանի որ նա նույնպես հասկանում է տարանցիկ հնարավորությունների անհրաժեշտությունը տարածաշրջանում", - նշել է Հաջիևը:



