
Արմինֆո Ինժեներական քաղաքում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարի բացման միջոցառումը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ), Cisco Networking Academy-ի և «Թվային տնտեսության ինստիտուտ» հիմնադրամի համագործակցությամբ։ Այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ և միտված է երիտասարդների թվային և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը՝ միջազգային կրթական հնարավորություններն ավելի լայն շրջանակի հասանելի դարձնելու նպատակով։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա կարևորել է Cisco-ի հետ համագործակցությունը, ընդգծելով, որ նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված նախաձեռնություններն ամբողջ ծավալով առաջ են ընթանում և նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Hardware Engineering (Cisco Systems) տնօրեն Արսեն Մանուկյանը, ով վերահաստատել է Cisco-ի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը նման նախաձեռնություններին՝ կարևորելով դրանց դերը թվային հմտությունների զարգացման, երիտասարդների կրթության և միջազգային կրթական հնարավորությունների հասանելիության ընդլայնման գործում։
Բացման միջոցառման շրջանակում անցկացվել են թեմատիկ վարպետության դասեր, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիական միտումներին, մասնագիտական զարգացման հնարավորություններին և արհեստական բանականության դարաշրջանում պահանջված հմտություններին։
Միջոցառման ավարտին ներկայացվել են ծրագրի հաջորդ փուլերը և երեքշաբաթյա կրթական ճամբարի կազմակերպչական մանրամասները։
«Cisco Networking Academy Camp Armenia 2026»-ի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հետևյալ դասընթացներին․ թվային գրագիտություն (Digital Awareness); կիբեռանվտանգության ներածություն (Introduction to Cybersecurity); Հետաքննության արվեստ (The Art of Investigation); ժամանակակից արհեստական բանականության ներածություն (Introduction to Modern AI); մրցունակ ինքնակենսագրականի կազմում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ (Update Your Resume with AI)։
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։ Ծրագրի բոլոր հայտարարությունները, դասերի հղումները և կազմակերպչական տեղեկությունները կհրապարակվեն ճամբարի պաշտոնական Telegram խմբում։