
Արմինֆո.Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Այդ մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ կոնցեռնը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի սեփականությունն է: Հուլիսի 6-ին նրան ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե։ Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Հետաքննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք՝ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել էին։ Հետագայում դրանցից մի քանիսը ազգայնացվել են և հանձնվել պետությանը։ Մի շարք օբյեկտներում արդեն նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ։