


Արմինֆո. Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը այցելել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի «Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանչական կենտրոն»։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործող կենտրոնն ապահովում է լսողության խնդիրներ ունեցող անձանց կապը բուժհաստատությունների, բանկերի, պետական և այլ ծառայություններ մատուցող կառույցների հետ՝ նպաստելով նրանց լիարժեք ներառմանը։
Միայն 2026 թվականի հունվարից հունիս ամիսներին կենտրոնի միջոցով սպասարկվել է 4111 զանգ։
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին շտապօգնության ծառայությունից օգտվելու դժվարությունները։ Արդյունքում մշակվել է մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագ պարզել շահառուի գտնվելու վայրը։
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլորի համար», - ասվում է հաղորդագրությունում։



