


Հայ ազգային կոնգրեսը ՙՀայկական վերածնունդի՚ հետ մրցակցությունից չի վախենում, քանի որ հայ հասարակությունը քաջածանոթ է այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գործունեության բնույթին: Այդ մասին ասօր լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ նախօրեին կայացած համագումարում այդ կուսակցության անդամների բուռն ելույթները նույնպես ՀԱԿ-ին չեն վախեցնում: ՙԹող հայտարարեն ինչ ուզում են, մենք հո գիտենք, թե ինչ սպասենք նրանցից՚,-ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Զուրաբյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ն այդ քաղաքական կուսակցության հետ չի համագործակցի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ համատեղ առաջարկների շուրջ: ՙՍակայն, մենք պատրաստ ենք այդ հարցի շուրջ համագործակցել քաղաքական բոլոր խմբակցութունների, այդ թվում՝ ՙՕրինաց երկրի՚ հետ՚,- նշել նա:
Փետրվարի 21-ին «Օրինաց երկիր՚ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հիմնադրած «Հայկական վերածնունդ՚ միավորումը վերածվեց կուսակցության: Կուսակցության առաջնորդ է ընտրվել Բաղդասարյանը, ով հայտարարել է, որ կուսակցությանը 40-50 հազար մարդ է միացել: ՙՄենք մտահոգված ենք երկրի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակով և գիտակցում ենք հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը: Մեր հիմնական նպատակն է լինելու քաղաքական և հասարակական ուժերի համախմբումը՝ կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարի նպատակով՚,- հայտարարել է նա:



