
Արմինֆո. Եվրոպական միությունը բավականաչափ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը՝ "Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորագրով խորհրդաժողովում:
Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին հայ գերիների հարցով դիրքորոշման համար, արձանագրելով, որ, ցավոք, ԵՄ գործադիր մարմինը նույն հետևողական դիրքորոշումը չի դրսեւորում այդ հարցում:
Արմեն Իշխանյանը հիշեցրել է Արցախի նկատմամբ 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի մասին՝ ինքնորոշված հանրապետության շուրջ տասամսյա շրջափակումից հետո։ Նա հավելել է, որ իր հայրը և մյուս հայ գերիները մոտ հազար օր գտնվում են ադրբեջանական բանտերում և անցնում են շինծու քրեական գործերով, իսկ ոմանք դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նա նշել է, որ իր հայրը նույնպես ցմահ ազատազրկման է դատապարտվել այդ շինծու գործով։
"Ստացվում է, որ միջազգային իրավունքի հիմքերից մեկը հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող մարդիկ դատապարտվում են, իսկ այդ դատավճիռները կայացրած պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները չեն անդրադառնում հայ գերիների ազատ արձակման հարցին", - նշել է Իշխանյանը։
Մինչդեռ, ըստ նրա, պատմության մեջ հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը առաջին քայլերի թվում նախատեսել են ռազմագերիների փոխանակում կամ ազատ արձակում: Նրա խոսքով, սակայն, այսօր Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է այդ հարցի քննարկումից։
"Ինչպես իմ հայրն ասել մէ, այդ դատավարությունն ուղղված է իմ հոր դեմ։ Հետևաբար, հայ ռազմագերիները Բաքվի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ, ինչը կասկածի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության՝ ադրբեջանական կողմի իրական ձգտումը։ Հաշվի առնելով ԵՄ ներգրավվածությունը մեր տարածաշրջանում խաղաղաշինությանը՝ հույս ունեմ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի հայ ռազմագերիների ազատ արձակումը Բաքվի գերությունից։ Տանը հորս սպասում են մայրս, քույրս, եղբայրս և թոռները։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու պապիկն իրենց հետ չէ։ Մի քանի օր առաջ աղջկաս ծննդյան օրն էր, և նրա համար լավագույն նվերը պապիկի զանգն էր: Երբ նրան հարցրեցինք, թե ինչ նվեր է ուզում ստանալ, նա պատասխանեց, որ ուզում է, որպեսզի պապիկը վերադառնա տուն", - ասել է Իշխանյանը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։