
Արմինֆո.Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
"Հանրապետական գվարդիայի երաժիշտների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցինք ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին և նրա ֆրանսիացի նավաստիներին, որ 1915 թ. ամռանը Մուսա լեռան 4092 հայազգի դիմադրության մարտիկներին փրկեցին Հայոց ցեղասպանությունից", - ասվում է Ֆրանսիայի դեսպանատան Facebook - յան էջում հրապարակված գրառման մեջ: Հրապարակումն ուղեկցվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում Մուսա լեռի հերոսական պաշտպանությանը նվիրված "Մուսալեռ" հուշահամալիրի տեսանյութով:
Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն 1915 թվականի աշնանը չարտոնված հրաման է տվել տարհանել ավելի քան 4000 հայ տղամարդկանց, կանանց և երեխաների։ Եթե չլիներ դյու Ֆուրնեի քաջությունը, այդ մարդիկ կզոհվեին ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մուսա լեռան նախալեռներում։ Այս պատմությունը սկսվել էր 1915 թվականի ամռանը, երբ վեց հայկական գյուղերի բնակիչների մեծ մասը հրաժարվել էր միանալ հայերի շարասյուներին, որոնց պետք է աքսորեին թուրքական իշխանությունների հրամանով: Այն քչերը, ովքեր, այնուամենայնիվ, որոշեցին հնազանդվել, ուղարկվեցին մահվան երթի։ Գրեթե բոլորը զոհվեցին ճանապարհին ՝ այդպես էլ չհասնելով սիրիական անապատ։ Մնացած գյուղացիները՝ մոտ 5000 մարդ, լքեցին տները և պատսպարվեցին Մուսա լեռան նախալեռներում (Մովսեսի լեռներ կամ Ջեբել Մուսա): Այնտեղ նրանք աշխարհազոր կազմակերպեցին և ավելի քան հիսուն օր խիզախորեն հետ մղեցին թուրքերի գրոհները։ Հայերի մեջ ընդամենը 600 մարտնչող կար։
Սեպտեմբերի 5-ին, երբ մուսալեռցիները կռվում էին արդեն մեկ ամիս, Ֆրանսիական "Գիշեն" ռազմանավի անձնակազմը տեսավ նրանց ազդանշանները։ Աշխարհազորի մասնակիցներից մեկը՝ Պիեռ Դիմլակյանը, հասավ մինչեւ հածանավ և օգնության խնդրանքով ուղղակիորեն դիմեց ֆրանսիացի հրամանատարին, ով խոստացավ անել հնարավոր ամեն ինչ։
Համաձայն Լուի դյու Ֆուրնեի օրագրի գրառման, 1915 թվականի սեպտեմբերի 6-ին փոխծովակալը հեռագիր էր ստացել, որում նկարագրվում էր իրավիճակը, և փոխել նավի ընթացքը։ Հաջորդ օրը "Սուրբ Ժաննա դ' Արկ" դրոշակակիրը մոտեցել էր ափին ՝ հետախուզություն իրականացնելու համար։ Այս անգամ նավ էր բարձրացել աշխարհազորի առաջնորդներից մեկը՝ Տիգրան Անդրեասյանը։ Նա խնդրել էր տանել գոնե նրանց, ովքեր չեն մասնակցում մարտերին՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Նրան կրկին հավաստիացրել էին, որ ֆրանսիական նավատորմը օգնության կգա հայերին։
"Ես հասկացա, որ մեր պարտքն է օգնել այս դժբախտներին", - գրել է դյու Ֆուրնեն օրագրում։ Նա շտապ հեռագիր էր ուղարկել, բայց վախենում էր, որ ֆրանսիական հրամանատարությունում ապաշնորհք բյուրոկրատիան կարող է վերածվել ողբերգության պաշարվածների համար։
Վտանգելով սեփական կարիերան՝ փոխծովակալը, չսպասելով պատասխանի, հրամայել էր իր տրամադրության տակ գտնվող բոլոր նավերին շարժվել դեպի Մուսա լեռ և անմիջապես սկսել տարհանումը։ "Սպասելու ժամանակ չկար։ Ինչ էլ որ լիներ պատասխանը, պետք էր բոլորին դուրս բերել", - գրել է դյու Ֆուրնեն, ում խոսքերը մեջբերում է "Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը։