
Արմինֆո.Ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Չիկագոյից, կզբաղեցնի Պետդեպարտամենտի նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը, որը կառավարում է Կենտրոնական Ասիայում առեւտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ ներդրումները տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ կարեւոր օգտակար հանածոների մեջ: Այդ մասին գրում է Guardian-ը, նշելով, որ հուլիսի 10-ին Պետդեպարտամենտը հաստատել է նրա նշանակումը։
Աղբյուրը նշում է, որ Սոկոլովը եղել է 36 դոնորներից մեկը, այդ թվում ՝ 21 կորպորացիա և 15 մասնավոր անձ և ընտանեկան հիմնադրամներ, որոնք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասելով, ավելի քան 350 միլիոն դոլար են ներդրել պարահանդեսային դահլիճ ստեղծելու իր նախագծում:
Կառավարության գործունեությունը վերահսկող Public Citizen կազմակերպության ուսումնասիրության համաձայն, կորպորատիվ դոնորների երկու երրորդը դրանից հետո ստացել է պետական պայմանագրեր: Մի քանի մասնավոր դոնորներ ստացել են ղեկավար խորհրդատվական պաշտոններ կամ քաղաքական նշանակումներ:
Guardian-ը նշում է, որ Սոկոլովը դարձել է պարասրահների վերջին հովանավորը, որը պետական պաշտոն է ստացել:
"TRIPP+ հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է, իր անունն ստացել է "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" 27 մղոն երկարությամբ առևտրային միջանցքից, որն անցնում է հարավային Հայաստանով և Ադրբեջանով։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ 201 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է փոխառություններ, բաժնետիրական կապիտալում ներդրումներ եւ դրամաշնորհներ տրամադրել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում մասնավոր հատվածի ռազմավարական զարգացմանը նպաստելու համար", - գրում է Guardian-ը:
Նաեւ հիշեցվում է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Հայաստանի մայրաքաղաք Երևան կատարած այցի ժամանակ TRIPP+ հիմնադրամը անվանել է "պատմական փոխակերպման" մաս, որը "կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ":
"Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրեցին տնտեսական համաձայնագիր և TRIPP անվտանգության շուրջ համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին հայտարարել էր, որ իրենք "հիմք են դնում այնպիսի տնտեսական փոխգործակցության համար, որը թույլ կտա հայերին գումար վաստակել և բարգավաճում ձեռք բերել, իսկ ամերիկացիներին՝ անել նույնը": Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ օգուտ կարող է ստանալ Սոկոլովը կամ Ամերիկան այդ հիմնադրամից, և արդյոք այն փոխհատուցում կստանա իր դերի համար, սակայն, ըստ նրա անձնական կայքի, Սոկոլովը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետերը և պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium - ում, էկոլոգիապես մաքուր էներգետիկայի և ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների զարգացման նախաձեռնությունում, որը կապում է Եվրոպան և Աֆրիկան, ինչպես նաև հանդիսանում է Pelagos Data Centres-ի նախագահը։
Նա նաև Չիկագոյի մասնավոր IJS Investments ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացած է էներգետիկայի և հեռահաղորդակցության հեռանկարային ուղղություններում, և Ցյուրիխի Gotthard Investment AG՝ մասնավոր բաժնետիրական ընկերության հիմնադիրը, որը կողմնորոշված է ֆինանսական ծառայություններին, էներգետիկային և համաշխարհային անշարժ գույքին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ հիմնադրամը կպահպանի կիրառելի օրենսդրական պահանջները, ներառյալ՝ տարեկան հաշվետվությունները և անկախ աուդիտները ՝ թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար, ինչպես նաև դրամաշնորհների վերաբերյալ կիրառելի դրույթները, ներառյալ՝ շահերի բախման պահանջները:
Աղբյուրը նշում է, որ Սոկոլովի նշանակումը TRIPP+ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում միայն Արևմտյան Ասիան Եվրոպայի հետ կապող ռազմավարական միջանցքում զարգացումն ամրապնդելու ԱՄՆ հանձնառության վերջին վկայությունն է:
Հավելվում է, որ 2027 թվականի բյուջետային հարցման համաձայն, Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին ՝ աշխարհի ցանկացած կետում ձեռնարկատիրությանն աջակցության հիմնադրամներ ստեղծելու իր լիազորություններն ընդլայնելու խնդրանքով:
"Կան որոշ նշաններ, որ Սոկոլովի ֆինանսավորման ծավալը կաճի։ Պետդեպարտամենտի արտաքին օգնության հարցերով բարձրաստիճան աշխատակից Ջերեմի Լեւինը ապրիլին Արտաքին հարաբերությունների խորհրդին հայտարարել է, որ գերատեսչությունը 400 միլիոն դոլար է ապահովել TRIPP+ հիմնադրամի համար ", - ամփոփել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։