


Արմինֆո. Հայաստանն այսօրվա դրությամբ ավտորիտար պետություն է։ Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը՝ "Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին" քննարկման ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միջազգային հանրությունում արդեն ձևավորվել է կարծրատիպ, որ այս կամ այն պետությունում կարգին գնահատականներ տրվում են եվրոպական հանրության կամ, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի կողմից։ Նրա խոսքով՝ աշխարհում կան մի շարք հզոր տերություններ՝ Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, որոնք իրենց առջև խնդիր չեն դնում չափել մյուս պետություններն ու դրանց կառուցվածքը։
Նա նաեւ հիշեցրել է, որ երկրի ժողովրդավարության գնահատականը որոշվում է հավաքական Արեւմուտքում երեք գլխավոր ցուցանիշներով․ մարդու հիմնարար իրավունքների պահպանում, ընտրական գործընթացներ եւ կառավարման պետական մարմինների հավասարակշռվածություն:
Փաստաբանն արձանագրել է, որ վերը նշված բոլոր սկզբունքներն այսօր Հայաստանում ոտնահարվում են: Նրա խոսքով՝ այսօր նույն արևմտյան կառույցների կողմից ոչինչ չի արվում, որպեսզի Հայաստանում ստեղծվի ժողովրդավարական միջավայր։ Սողոյանը վստահ է, որ այսօր Արևմուտքը, մեծ հաշվով, դադարել է հետ նայել, թե ով է այսօր ժողովրդավար, իսկ ով՝ ոչ։
"Օրինակ, տեսեք, Վրաստանում այդքան փոփոխություններ են կատարվել, բայց հիմա ոչ ոք չի ասում ՝ ժողովրդավարական է, թե՝ ոչ։ Ժողովրդավարությունը մի կողմ է դրված։ Խոսվում է այն մասին, թե արդյոք նա իրենց հետ է, թե՝ ոչ: Նույնը՝ Ուկրաինայի դեպքում։ Ուկրաինական Ժողովրդավարական չափանիշը չի նշվում եվրոպական քաղաքակրթության ոչ մի համատեքստում։ Ոչ ոք չի ասում, թե՝ "մենք ցանկանում ենք պաշտպանել Ուկրաինան, քանի որ այն ժողովրդավարական է"։ Ասում են՝ "մենք ուզում ենք պաշտպանել նրան, քանի որ նա մեզ հետ է": Ելնելով վերն ասվածից և, հաշվի առնելով այն, ինչ ընկած է ժողովրդավարության չափանիշի հիմքում, մենք այլևս ավտորիտար պետություն ենք", - նշել է նա։



