
Արմինֆո. Բաքվի բանտում պահվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել, հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր փաստաբաններին դեռևս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ դատավճիռը:
Արցախի խորհրդարանի Facebook-յան էջում հրապարակված իր ուղերձում Իշխանյանը նշել է, որ "խաղաղության դատավարությունը" շարունակվում է Ադրբեջանի վերաքննիչ դատարանում: Նա հավելել է, որ իրենք պատրանքներ չունեն և հասկանում են, որ դատավարությունը ֆորմալ բնույթ է կրում, սակայն, հայ գերիները գնացել են այդ քայլին, գիտակցելով, որ դա միջազգային դատական ատյաններ տանող միակ ճանապարհն է:
Նրա խոսքով, որոշ փաստաբաններ, նույնիսկ, դատարանում մտահոգություն են հայտնում, որ միջազգային դատարանների արդյունքները կարող են ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար, և նրանք պարտվելու վտանգի են ենթարկվում:
Նա կրկնել է, որ իրենց նկատմամբ դատավարությունը քաղաքական բնույթ է կրում, նիստերն ընթանում են քաղաքական պատվերով, քրեական հանցագործությունների հետ կապ չունեն, այլ հիմնված են էթնիկ և ազգային ատելության վրա:
Իշխանյանը հավելել է, որ առաջին ատյանի դատավարությունն անցել է ադրբեջանական օրենսդրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, իսկ դատավճիռն ընդունվել է առանց կոնկրետ ապացույցների և փաստերի, գործը կարված է սպիտակ թելերով: Որպես իր խոսքերի ապացույց՝ նա նշել է այն փաստը, որ, օրինակ, 1993 թվականին ծնված անձին մեղադրանք են վերագրում 1994 թվականի պատերազմի դրվագներով։
"Ինչպես արդեն հայտարարել եմ, սա դատավարություն է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ՝ հեռուն գնացող ծրագրերով ու նպատակներով։ Նրանք ծաղրով են վերաբերում միջազգային դատական ատյաններ մեր հնարավոր դիմումին։ Ամենածանրն այն է, որ մեր երեսին այնպիսի մտքեր են նետվում, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգռված չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ակնկալում միջազգային ատյաններից կամ դատարաններից, նրանք ի՞նչ կարող են անել։ Այսպիսին է իրավիճակը։ Արդեն լուրեր են շրջանառվում, որ Գերագույն դատարանը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի մեր գործերը, և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել՝ իրավիճակին արհեստական միջամտության համար", - ասել է նա։
Արցախցի քաղաքական գործչի խոսքով՝ իր փաստաբաններին դեռևս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ դատավճիռը: "Գերիների պահանջներից հետո միայն դատավորը թույլ տվեց փաստաբաններին ծանոթանալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներին", - նշել է նա:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։