
Արմինֆո.Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները դատապարտված են սովամահության: Այդ մասին գրում է "Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։
Կիրակոսյանի ասելով՝ մասնավոր կենդանաբանական այգու աշխատակիցները հաղորդել են, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև` 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։
«Ըստ կենդանաբանների ձիերը մեկ օրից ավել սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավել ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լռացել է և նրանք 10 օրից ավել է սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։ Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ», - գրել է Կիրակոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։
Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախով», - հավելել է Կիրակոսյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ պետք է բացառել այդ կենդանիների տեղափոխումն այլ տեղ քանի որ Հայաստանում չկա նրանց համար էլ ավելի հարմարավետ պայնաններ, քան Ծառուկյանենց ընտանիքինը։ Այնուհետև նա հիշեցրել է, որ քննության կողմից առգրավված առյուծներից մեկն անկել է վայրի կենդանիների տեղափոխման սխալ կազմակերպման պատճառով: Կիրակոսյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ անկած առյուծը կարող էր հղի լինել, եւ կասկած հայտնել վայրի կենդանու մահվան պատճառների պաշտոնական վարկածի առնչությամբ: Նա նաև արձանագրել է, որ Ծառուկյանից առգրավված մյուս կենդանիների ՝ ևս երկու առյուծի և վագրի ճակատագիրը դեռևս հայտնի չէ:
Տեղի ունեցածի առնչությամբ Կիրակոսյանը դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և մի շարք միջազգային բնապահպանական կազմակերպությունների ՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ստեղծված անթույլատրելի իրավիճակին:
Նշենք, որ հուլիսի 6-ին իրավապահները Ծառուկյանից առգրավել էին երեք առյուծ և մեկ վագր՝ "ապօրինի որսի մասին" քրեական գործի շրջանակներում: Հուլիսի 7 - ին հայտնի էր դարձել, որ էգ առյուծը, որին քնեցրել էին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար, այդպես էլ չի արթնացել: Ընդ որում, կենդանաբանական այգու ղեկավարությունը հավաստիացրել է, որ առյուծն անկել է, քանի որ "մեծ տարիքի էր եւ բազմաթիվ հիվանդություններ ուներ": Իսկ փորձագետները կարծում են, որ էգ առյուծի անկման են հանգեցրել կամ կենդանիների տեղափոխման գործընթացն իրականացնողների չար մտադրությունը, կամ՝ անփութությունը: