
Արմինֆո.Երևանի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանությունների, մշակութային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների հետ ՝ կինոյի միջոցով համատեղ ստեղծելով մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ:
Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ կինոփառատոնի ծրագրում կներկայացվեն այդ երկրների հեղինակային կինոյի լավագույն նմուշները, ինչպես նաև նախատեսվում է հայտնի ռեժիսորների, դերասանների, կինոօպերատորների և համաշխարհային կինոարտադրության առաջատար ներկայացուցիչների այց:
Ֆրանսիական ծրագիրը կբացվի Անտոնեն Բոդրիի "Դը Գոլի ճակատամարտը" ֆիլմի երևանյան պրեմիերայով: Ծրագրում ընդգրկված են նաև Թամարա Ստեփանյանի "Արտոյի երկիրը", Ժան-Պիեռ Ժենեի հայտնի "Ամելի", Արթուր Հարարիի "Անծանոթուհին" ֆիլմերը և այլն:
Ֆրանսիական ծրագրի շրջանակներում Երևան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր: Փառատոնի հատուկ հյուրն է դերասան Սիմոն Աբգարյանը: Փառատոնին կմասնակցեն նաև "Դը Գոլի ճակատամարտը" ֆիլմի ռեժիսոր Անտոնեն Բոդրին, "Արտոյի երկիրը" ֆիլմի ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, աշխարհահռչակ կինոօպերատոր Բրյունո Դելբոնելը, ով վարպետության դաս կանցկացնի GAIFF Pro պրոֆեսիոնալ հարթակի շրջանակում, տարածաշրջանային ժյուրիի անդամ Դոմինիկ Վելինսկին և ռեժիսոր Էմիլ Պարսեղյանը:
Կանադայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում կներկայացվեն կանադական ժամանակակից կինեմատոգրաֆի մի քանի նշանակալի աշխատանքներ: Միջազգային մրցույթում ընդգրկվել է Յուբեր Կարոն-Գուայի "Սահմանների Մեխանիկա" ֆիլմը, տարածաշրջանային մրցույթում՝ Սանազ Սոհրաբիի "Անավարտ օրացույց"-ը, Մառլեն Էդոյանի "Այնտեղ կրակ կա" և Գիլդա Պուրջաբարի "Արևմուտքից թունավորվածները" ֆդիլմերը:
Հայաստանում Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ պատրաստված գերմանական ծրագիրը կբացվի Վալեսկի Գրիզեբախի "Արկածների ծարավ" ֆիլմի ցուցադրությամբ: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում կներկայացվի Ջոշի Բոնգարդի "Մանկական աստղ" ֆիլմը, "Երևանյան պրեմիերաներ" ծրագրում՝ Պավել Պավլիկովսկու "Հայրենիք" և Աբոլֆազլ Սաֆարիի "Եղնիկը մայրուղու վրա" ֆիլմերը և այլն:
Գերմանիայից փառատոնը կհյուրընկալի նաև կինոարտադրության մի շարք հեղինակավոր ներկայացուցիչների: Ժյուրիի կազմում կլինի Բեռլինի միջազգային կինոփառատոնի նախկին գլխավոր ծրագրային տնօրեն Մարկ Պերսոնը: Երեւան կժամանի նաեւ Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆը, ով զգալի ներդրում է ունեցել Գերմանիայում հայկական արվեստի հանրահռչակման գործում: Փառատոնի հյուրերի թվում են նաև ռեժիսորներ Յենս Գայգերը, Նորիկ Քեշիշյանը և Տոբիաս Նյոլենը, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի DOK Industry հարթակի ղեկավար Նադյա Թենշտեդտը:
"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը տարիներ շարունակ մնում է մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը կինոարվեստի համաշխարհային առաջատար կենտրոնների հետ: Այս տարի Ֆրանսիայի, Կանադայի և Գերմանիայի հետ համատեղ ծրագրերը կրկին ընդգծում են փառատոնի միջազգային հեղինակությունն ու դերը համաշխարհային կինոհամայնքում ստեղծագործական երկխոսության զարգացման և նոր գործընկերությունների ձևավորման գործում", - ասվում է աղբյուրում:-