
Արմինֆո. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը խիստ քննադատության է ենթարկել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունները:
«Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ... Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան: Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում: Բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։
2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու: Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում:
Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։
Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։
Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու», - գրել է Ջուլֆալակյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձեր, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս ։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին ։
Հուլիսի 7-ի երեկոյան Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կոշտ ձևով ձերբակալում քաղաքական գործչին և պառկեցնում հատակին՝ այն պայմաններում, երբ նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում: Ընդ որում, Քննչական կոմիտեի տվյալ կադրերը բացասական արձագանք են հարուցել հայ հասարակության շրջանում։ Քաղաքացիները մեծ մասամբ վրդովմունք են հայտնել 70-ամյա քաղաքական գործչին ձերբակալելու նման մեթոդների առնչությամբ, ում մեղադրում են տնտեսական հանցագործությունների համար: Փորձագետները քաղաքական գործչի և գործարարի նկատմամբ այդ գործողությունները որակել են քաղաքական հաշվեհարդար, որն ընդհանուր ոչինչ չունի արդարադատության հետ: