


Արմինֆո. Բաքվի Վերաքննիչ դատարանը հուլիսի 7-ին անցկացրել է հերթական «նիստը» ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված վճիռը և արդարացնել նրան: Փաստաբանը ներկայացրել է իր փաստարկները:
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ևս մեկ անգամ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



