


Արմինֆո.Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։
Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը: Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է», - ասվում է հաղորդագրությունում:



