


Արմինֆո.Եվրամիությունն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ նախագծին, այնպես էլ այլ ուղղությունների։ Դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն անցակետ է կառուցում հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում: "Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ախուրիկում, Երասխում և Մարգարայում երեք նոր անցակետերի արդիականացման և կառուցման հարցում օգնության ընդլայնման մասին։ Սա նախագծերին մեր մասնակցության և տարածաշրջանային փոխկապակցվածությանն աջակցության կոնկրետ օրինակ է", - ասել է դիվանագետը։
Մարագոսը պատմել է, որ ԵՄ-ը կաջակցի նաև հյուսիսային երթուղու բարելավմանը, որն անցնում է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ: "Սա ներառված է օգնության նոր փաթեթում, որի մասին հայտարարել է ֆոն դեր Լյայենը՝ 200 մլն եվրո դրամաշնորհային նախագիծ և 2 մլրդ եվրո ֆինանսավորում ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանից կշահի հայ ժողովուրդը, դա փոխկապակցվածության նոր հնարավորություններ կստեղծի։ Նախագծերում աշխատելու են հայերը, և դա բխում է հայ ժողովրդի շահերից", - ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին աշխատանքային այց էր կատարել Երևան: Այցի շրջանակներում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո տեղի էր ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Դրանից մեկ օր առաջ Եվրահանձնաժողովի ղեկավարը այցելել էր Ադրբեջան, որտեղ կայացել էին նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում ֆոն Դեր Լայենը հայտարարել էր Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար Ադրբեջանին մինչև 200 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին: Այս թիվը նա կրկնել էր Երևանում, նշելով, որ դա կարող է մինչև 2 մլրդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Հարավային Կովկասում:



