


ԱրմԻնֆո. ՀՀ-ն իր ներդրումն է ունեցել միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացման և կազմակերպված կիբեռհանցագործության դեմ պայքարի գործում: Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն արտահանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ Գերմանիայում «զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի բացահայտմանը նվիրված հեղինակավոր միջազգային հետաքննչական լրագրության կազմակերպությունը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP), մեջբերել է այս գործով Գերմանիայում կայացված դատավճիռը և ներկայացրել բացահայտման հանգամանքները և հետագա զարգացումները: Զանգերի կենտրոնի խարդախության հիմնական կազմակերպիչներից մեկը՝ Մ.Բ.-ն, գերմանական դատարանի կողմից դատապարտվել է յոթ տարի վեց ամիս ազատազրկման: Դատարանը նաև որոշում է կայացրել բռնագրավել 2.4 միլիոն եվրոյի չափով քրեական եկամուտ։ Մեղադրյալը խոստովանել է իր մեղքը։ Դատարանի որոշման համաձայն՝ Գերմանիայում զոհերին պատճառված վնասը կազմել է մոտ 8 միլիոն եվրո։ Բացի այդ, ևս 42 միլիոն եվրոյի վնաս է պատճառվել այլ հանցավոր խմբավորումներին մասնագիտացված ծրագրային ապահովում տրամադրելու միջոցով՝ խարդախություն կատարելու նպատակով։
«Այսպիսով, բավարարելով Գերմանիայի իրավասու մարմնի խնդրանքը, ՀՀ դատախազությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը և կազմակերպված կիբեռհանցագործության դեմ պայքարին», - ասվում է հայտարարության մեջ։



