


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հուլիսի 3-ին Իրան այցելելու մտադրության մասին:
«Այո, վաղը կգնամ և հենց վաղն էլ կվերադառնամ։ Բնականաբար, նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ»,- հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկատվությունն այն մասին, որ նա կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը:
Նշենք, որ իրանական լրատվամիջոցները օրեր առաջ հայտնել էին, որ մի շարք երկրների ղեկավարներ կմասնակցեն Իրանի հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը: Նշվում էր, որ հրաժեշտի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ինչպես նաև մի շարք այլ երկրների ղեկավարներ:
Պաշտոնական ծրագրի համաձայն՝ քաղաքացիական հրաժեշտի արարողությունը կսկսվի տեղական ժամանակով հուլիսի 4-ի առավոտյան ժամը 06:00-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մսալլա (աղոթատեղի) մզկիթում և կտևի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն: Հոգեհանգստյան աղոթքը տեղի կունենա հուլիսի 5-ի առավոտյան: Թեհրանում, Ղոմում և Իրաքում կայանալիք արարողություններից հետո հանգուցյալ առաջնորդը կհուղարկավորվի Մաշհադում հնգշաբթի օրը՝ հուլիսի 9-ին:
Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է ընթացիկ տարվա փետրվարի 28-ին 86 տարեկան հասակում՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով։ Ամերիկա-իսրայելական ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել նրա նստավայրին։



