


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դանիայի թագավորության դեսպան Անն Տովտ Սորենսենի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում քննարկել է հայ-դանիական հարաբերությունների օրակարգային հարցերը, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկրների միջև համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա հետագա ընդլայնման հեռանկարները:
Ինչպես հայտնել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկրում դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև հայ-դանիական հարաբերությունների զարգացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Դանիայի մշտական աջակցությունը և դեսպանին հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Սորենսենն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր ողջ առաքելության ընթացքում Հայաստանի պետական մարմինների կողմից ցուցաբերված արդյունավետ համագործակցության և աջակցության համար՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև ձևավորված վստահության մթնոլորտը նպաստել է համատեղ նախաձեռնությունների առաջմղմանը: Հայ-դանիական հարաբերությունների օրակարգի քննարկման ընթացքում կողմերը կարևորել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության առկա պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործումը՝ դանիական առաջավոր փորձի և նորարարական լուծումների կիրառմամբ:
Զրուցակիցներն ընդգծել են նաև փոխադարձ այցելությունների շարունակականության, գործարար շրջանակների միջև ուղղակի կապերի ակտիվացման և նոր տնտեսական նախաձեռնությունների խթանման կարևորությունը: Այս համատեքստում նրանք մատնանշել են Դանիայի և Եվրոպական միության անդամ այլ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ի շահ փոխշահավետ համագործակցության խորացման և ներդրումային նոր հնարավորությունների ձևավորման:



