
Արմինֆո.Հայաստանում հուլիսի 6-ից վարչական իրավախախտումների համար վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ եթե հուլիսի 6-ի դրությամբ վարորդական իրավունքից զրկման ժամկետն արդեն լրացել է, քաղաքացիները կկարողանան մեկ տարվա ընթացքում գրանցվել ՆԳՆ առցանց հարթակում՝ վարորդական վկայականն առանց քննություններ հանձնելու վերականգնելու համար: Պետական տուրքը կկազմի 50 հազար դրամ:
Կառավարության նիստում հավանության է արժանացել նաև վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների փաթեթը: Մասնավորապես, նախատեսվում է ArMed համակարգից ավտոմատ կերպով ստանալ տեղեկություններ վարորդների առողջական վիճակի, այդ թվում՝ կախվածությունների և հոգեկան հիվանդությունների առկայության մասին: Նման տեղեկատվությունը կարող է հիմք հանդիսանալ վարորդական իրավունքի գործողության դադարեցման համար:
Բացի այդ, առաջարկվում է տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվանից երկարաձգել մինչև երկու տարի: Սա քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ ունենալ գործնական քննությունը հանձնելու համար և ընթացակարգը կդարձնի ավելի ճկուն:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է տեսական քննությունների բովանդակությանը: Հարցերը ձևավորվելու են՝ կախված տրանսպորտային միջոցի այն կարգից, որի կառավարման իրավունքին հավակնում է թեկնածուն: Այսպես, A, B, C կարգերի և համապատասխան ենթակարգերի համար քննություն հանձնողներին կառաջարկվեն միայն այդ կարգերին վերաբերող պրոֆիլային հարցեր, իսկ D, T կարգերի և D1 ենթակարգի վկայական ստանալու թեկնածուներին՝ բացառապես նշված տրանսպորտային միջոցներին վերաբերող հարցեր: Տեսական քննությունների նոր ձևաչափին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, ինչը թույլ կտա հարմարեցնել ՆԳՆ թվային համակարգերը:
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոր կարգը տարածվում է բացառապես այն անձանց վրա, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են վարչական իրավախախտումների պատճառով: «Եթե վարորդական իրավունքից զրկումը տեղի է ունեցել դատական որոշման հիման վրա, ապա այս ընթացակարգը չի կիրառվի», - պարզաբանել է նա՝ հայտարարելով, որ «ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերը մնում են պետության առաջնահերթությունը»: