
Արմինֆո.Հայաստանի Քննչական կոմիտեում (ՔԿ) պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների մասնակից, "Մարտական խաչ" 1 - ին աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունից, գնդապետը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։
Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալոյանի տանը առավոտից խուզարկություններ են կատարվել, որից հետո նա ձերբակալվել է: "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել է, որ գնդապետը ձերբակալվել է Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Նա հիշեցրել է, որ Մալոյանը զինվորական է, ով վերադարձրել է Աբաջյանի և Ուրֆանյանի (2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Արցախի հերոսներ-խմբ.) դիրքերը: Բացի այդ, 2020 թվականի պատերազմից հետո սահմանագծման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից վերաբերմունք է դրսևորել հայ զինվորի նկատմամբ, հենց Մալոյանն է բոլորի ներկայությամբ ծեծի ենթարկել նրան, ինչի համար հայկական հրամանատարության կողմից հեռացվել է բանակից