
Արմինֆո. Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալների՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երեւան այցի ֆոնին:
Ցուցարարները հավաքվել են Հայաստանի կառավարության մոտ, որպեսզի Եվրոպական հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեն երկրում քաղբանտարկյալների առկայության վրա: Ցուցարարները կառավարության շենքի մոտ են եկել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված քաղաքացիների լուսանկարներով ՝ վանկարկելով "Ազատություն" և պահանջելով դադարեցնել երկրում քաղաքական հետապնդումները: Բողոքի ակցիայի առնչությամբ կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են բերվել։
Լրագրողների հետ զրույցում "ՀայաՔվե" քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը նշել է, որ ակցիայով իրենք ցանկանում են իրենց ձայնը բարձրացնել այն պահին, երբ կառավարությունում տեղի է ունենում արարողակարգային ձեռքսեղմման և ժպիտների գործընթաց, որի նպատակն է ճշմարտությունը թաքցնել ողջ աշխարհից: Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն, ըստ էության, սեղմում է այն մարդու ձեռքը, ով Հայաստանի բանտերը լցրել է քաղաքբանտարկյալներով: "Ձեր այցով և դիվանագիտական ժեստով դուք խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում, մարդկանց ազատազրկումը խոսքի ազատության համար։ Բայց խոսքի ազատությունը հանցագործություն չէ։ Այսօր Հայաստանում իրավապահ համակարգը հանցագործություններով չի զբաղվում։ Ուստի, դրանց թիվը երկրում ավելանում է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ իրավապահ համակարգը զբաղված է այլ բանով․ գործեր է հարուցում իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Ազատություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին", - հայտարարել է Սողոմոնյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր հերթին, նշել է, որ, ըստ էության, Հայաստանում այլևս չի գործում սահմանադրական կարգը, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է սպառնալիքներով, երկրում չի գործում խոսքի ազատության սկզբունքը, իսկ դատարանները դարձել են իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու գործիք: "Հայաստանում այլևս չի գործում ՀՀ սահմանադրությունը։ Մեր ամենակարևոր քաղաքական խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է մի երկրում, որտեղ այսօր հաստատվել է բռնապետություն, որն ունի իր արտաքին հովանավորները: Դրանցից մեկն այս պահին Երևանում է՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ով այդ անօրինական գործողությունները ներկայացնում է որպես ժողովրդավարության պահպանման միջոց։ Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սահմանափակվում է ազատությունը, և այս պայմաններում միակ քաղաքական օրակարգը պետք է լինի երկրում ՀՀ սահմանադրության վերականգնումը։ Քաղաքական պայքարը պետք է լինի հենց հանուն դրա", - ընդգծել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում իրենք պայքարի միայն մեկ ճանապարհ են տեսնում ՝ բացատրել երկրի քաղաքացիներին, թե ինչ է կատարվում, և ցույց տալ, որ այն ժողովրդավարությունը, որն այսօր առաջարկվում է Հայաստանին, իրականում կհանգեցնի դրա վերացման: "Եվրոպական միություն կոչվածը, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին նշույլները։ Մենք չպետք է խաբվենք և պարտավոր ենք հասկանալ, որ մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել", - նշել է Դանիելյանը։
Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները պատմել են, որ իրենք նաև երեք գրավոր դիմում են ուղարկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի էլեկտրոնային հասցեին:
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին աշխատանքային այց էր կատարել Երևան, որի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը մեկ օր առաջ գտնվում էր Ադրբեջանում, որտեղ կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում ֆոն Դեր Լայենը հայտարարել է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար Ադրբեջանին մինչև 200 մլն եվրո հատկացնելու մասին՝ դրամաշնորհների տեսքով: