
Արմինֆո.Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են զրկել Հայաստանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դիվանագետը մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են կատարել Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն, քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկություններին եւ հանրաքվեներին միայն այն դեպքում, եթե կես տարվա ընթացքում փաստացի բնակվեն հանրապետությունում՝ մինչեւ կամարտահայտման օրը:
"Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, իսկ այստեղ ստացվում է, կարծես, հակառակը․ Հայաստանի անձնագրերով մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես ՝ ընտրություններին մասնակցելուց", - ասել է նա:
"Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը ՝ ակամայից հիշում ես Մոլդովայում 2025 թվականի ընտրարշավը, երբ (Մայա) Սանդուի ռեժիմը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի պարագայում ստացվում է նույնը․ Սփյուռքը կմնա տարանջատված իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից", - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։
Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց տեղեկատվական միջավայրում: "Մենք տեսանք, որ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում այն ներկայացնում էին որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր Ռուսաստանի հայկական սփյուռքի ռեսուրսը օգտագործել խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս առասպելը, պարզապես, կոտրվում է՝ բախվելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակայնորեն ներկայացված թվերին, որոնց տվյալների համաձայն, 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին ավելի շատ քաղաքացիներ են մուտք գործել հանրապետություն, քան՝ այս տարվա նույն ժամանակահատվածում։ Այսպիսով, ի վերջո, ու՞մ ձեռքերը մաքուր չեն",- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։