


Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ներկայացուցիչները Շիրակի մարզ կատարած մոնիթորինգային այցի շրջանակներում ծանոթացել են Հառիճավանքի վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքների ընթացքին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, նրանք նախ դիտարկել են Հառիճ գյուղի Հառիճավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքից վեր գտնվող 13-րդ դարի որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները: Ինչպես նշել են նախարարությունում, որմնանկարի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը մշակել և ԿԳՄՍՆ մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով զբաղվող աշխատանքային խմբին է ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը, իսկ աշխատանքներն իրականացնում է Իտալիայից ժամանած վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն:
«ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները տեղում վերականգնողի հետ քննարկել են մոնիթորինգի ընթացքում արձանագրված խնդիրները: Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքների հաջորդ փուլերը կներկայացվեն լիազոր պետական մարմնի համաձայնեցմանը»,- հայտնել են գերատեսչությունից:
Մոնիթորինգի շրջանակներում, ըստ աղբյուրի, նախարարության աշխատակիցները ծանոթացել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող «Սասունցիներ» որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքներին, որը 1970-ական թվականներին հեղինակել է նկարիչ Սարգիս Մուրադյանը: «Որմնանկարի վերականգնումը նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարությունը՝ վարպետի ծննդյան 100-ամյակի նախաշեմին: Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին, դրանք իրականացնում են հայ մասնագետները»,- եզրափակել են ԿԳՄՍՆ-ում:



