
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը ղազախական կողմին Երևան քաղաքում տրամադրում է 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ շենքերից և տարանցիկ հաղորդակցություններից ազատ, 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Դեսպանատան կառուցումն իրականացվելու է ղազախական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ դրամ։
Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին Աստանա քաղաքում տրամադրում է հողատարածք՝ 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Արգանատի փողոցում գտնվող, շենքերից և տարանցիկ ուղիներից ազատ՝ 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը նախատեսված է ՀՀ դեսպանատան շենքերի և շինությունների կառուցման համար, որն իրականացվելու է հայկական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ տենգե։
Ինչպես նշել է փոխնախարարը, հիշյալ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակորեն կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները և հստակեցնելով հողատարածքների օգտագործման նպատակները։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացվածության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը: Հողերի փոխադարձ հատկացման իրականացումը երկու կողմերին հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ տարում պետական գանձարանով միջոցներ նախատեսված չեն Աստանայում ՀՀ դեսպանատան կառուցման համար։ Հարցականի տակ են մնում նաև 2027 թվականի հատկացումները։ Նախնական տվյալներով՝ Աստանայում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցումը պետական բյուջեի վրա կնստի 1,5 միլիոն դոլար։