
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության ձևավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումն ակնառու է՝ սկսած ամենօրյա ծառայողական համազգեստից, զենքից և հանդերձանքից:
Վարչապետն անդրադարձել է նաև Ծառայության ֆինանսավորման հարցին և ընդգծել, որ այն զգալիորեն ավելացել է։ «Շատ զգալի ներդրումներ են ուղղվում Ծառայության աշխատակիցների որակավորման բարձրացմանը։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենց իրենք՝ աշխատակիցները, շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականությամբ, լեզուների իմացությամբ և մասնագիտական որակների մշտական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում նա մատնանշել է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել հասանելիության և հաղորդակցության մակարդակը։ Վարչապետը մեծապես կարևորել է նաև ՊՊԾ աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը։ «Գործիքը պետք է լինի կամավոր ատեստավորումը, և դրա յուրաքանչյուր փուլ պետք է ապահովի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Դա պետք է լինի շարունակական գործընթաց»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է Ծառայության ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությունը, քանի որ այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ «Նախկինում այս ընկալումն այդքան արտահայտված չէր, քանի որ Ծառայությունը գտնվում էր Ազգային անվտանգության ծառայության կազմում, և ինքնուրույն կարողությունների զարգացումն առանձնապես անհրաժեշտ չէր համարվում։ Կարծում եմ՝ հիմա եկել է այն փուլը, երբ ծառայությունը պետք է զարգանա նաև ինքնուրույն՝ որպես հատուկ ծառայություն, դրանից բխող բոլոր հարց ու պատասխաններով, իսկ դա ենթադրում է նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է երիտասարդների համար այս ոլորտի գրավչության բարձրացման և մշտական զարգացման անհրաժեշտությունը։