
Արմինֆո.Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների և թաղման վայրերի մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԱՀ պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը՝ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) հետ համագործակցության շրջանակներում անցկացվող «Անհայտ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում։
«Անցկացված քննարկումների և տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ICMP պատվիրակությունը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել որոնման, պեղումների, արտաշիրիմման և նույնականացման ոլորտում կազմակերպության հնարավորությունների ու ձեռքբերումների, դրա նյութատեխնիկական բազայի, կադրային ներուժի և կիրառվող նոր գիտական մեթոդաբանությունների մասին։ Հայտարարվել է նաև Ադրբեջանին կազմակերպության կողմից մշակված էլեկտրոնային տվյալների բազան ներկայացնելու և համապատասխան պետական կառույցների մասնագետների համար տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տվյալների բազայի կառավարման, միջազգային ստանդարտներին համապատասխան եզրակացությունների և արձանագրությունների կազմման վերաբերյալ դասընթացներ անցկացնելու պատրաստակամության մասին»,- պատմել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկայացված IDMS-ը թույլ կտա մեկ հարթակի վրա տեղադրել անհայտ կորած անձանց հետ կապված այսօրվա դրությամբ գոյություն ունեցող տվյալների բազաները, կապահովի համապատասխան պետական կառույցների կողմից տվյալների միաժամանակյա մուտքագրումն ու մշակումը։ Այս գործընթացի արդյունքում հնարավոր կդառնա կարճ ժամկետներում տեղեկատվության ստացումը և օպերատիվ որոշումների կայացումը։
«Բոլոր պլանավորված գործընթացների ավարտից հետո երկու կառույցների ղեկավարների կողմից նախատեսվում է ստորագրել «Վերջնական օգտագործողի արտոնագրային համաձայնագիր», որը կարգավորում է ICMP ծրագրային ապահովման, այդ թվում՝ IDMS-ի և OIC-ի օգտագործումը։
Դրան զուգահեռ, համակարգի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն։ Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկատվություն տրամադրած անձը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրի։ Այստեղ նպատակը հանդիսանում է անհայտ կորած անձանց ճակատագրի պարզմանը նպաստելը»,- պատմել է նա։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ, հայկական կողմից անհայտ կորած է համարվում շուրջ 1000 անձ, ընդ որում՝ մոտ 300 մարդ այդպիսին է սկսել համարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշունն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած վերջին սրացումից հետո։ Ընդ որում, բոլոր տվյալները ԿԽՄԿ-ի կողմից հավաքագրվել են հենց անհայտ կորածների հարազատների դիմումների հիման վրա։ ԿԽՄԿ-ից հայտնել են նաև, որ այդ 300 հոգու թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այնպիսի դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության կողմից ներկայացված ԴՆԹ տվյալների հետ։