


Արմինֆո.Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն դիտարկում Ազգային ժողովի ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին նախօրեին կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով կլքի իր պաշտոնը և կզբաղեցնի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, իսկ նրա փոխարեն կառաջարկվի Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։
Մինչդեռ, ինչպես նշել է վարչապետը, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում։ Փաշինյանը հերքել է նաև Ալեն Սիմոնյանի հետ միջանձնային խնդիրների առկայության մասին լուրերը։ Նրա խոսքով՝ երկու քաղաքական գործիչների հարաբերություններում բացարձակապես ոչ մի միջանձնային խնդիր չկա։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի պատկերացումներ կան ԱԺ ներկայիս նախագահի հետագա գործունեության վերաբերյալ՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը կքննարկվի, և որոշումը կկայացվի ինչպես քաղաքական թիմի, այնպես էլ հենց Սիմոնյանի կողմից։ «Մենք կհամադրենք մեր կարծիքները, կամ եթե դրանք չհամընկնեն, կքննարկենք ու կտեսնենք», - նշել է Փաշինյանը՝ ընդգծելով քաղաքական թիմում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առկայության կարևորությունը։ «Շատ կարևոր է, որ մենք՝ որպես քաղաքական թիմ, ունենանք անձինք, ովքեր ոչ միայն այս կարգավիճակում են, այլև անցյալում են եղել այդ կարգավիճակում, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում կա ԱԺ երկու նախկին նախագահ, կան նախկին նախարարներ, կա նախկին փոխվարչապետ և այլն։ Սա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում», - ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող կուսակցությունը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրել էր ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։



