
Արմինֆո. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և QS-ը մեկնարկում են համագործակցությունը. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է QS Higher Ed Summit: Europe 2026 համաժողովին։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը հունիսի 23-25-ը մասնակցել են Բուդապեշտում կայացած QS Higher Ed Summit: Europe 2026 հեղինակավոր միջազգային համաժողովին։ Հայաստանի պատվիրակության կազմում համաժողովին մասնակցել են նաև Երևանի պետական համալսարանի/ ԵՊՀ - Yerevan State University ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի/ National Polytechnic University of Armenia միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։
Համաժողովի առաջին օրը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և QS-ի փոխտնօրեն Բեն Սոութերը ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն, որով սկիզբ է դրվելու Հայաստանի մի շարք բուհերի համար QS միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացին։ Այս համագործակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի և Կրթության զարգացման մինչև 2030 թվականը պետական ծրագրի կարևոր նախաձեռնություններից մեկն է և նպատակ ունի նպաստելու հայկական բուհերի միջազգային մրցունակության, ճանաչելիության և համաշխարհային վարկանիշներում առաջընթացի ապահովմանը։
Համաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես է եկել «Higher Education and Research Landscape of Armenia – On the Way of Legal and Structural Reforms: Potential Partnerships between Armenia, Hungary and the Rest of the EU» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող իրավական և համակարգային բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի, Հունգարիայի և եվրոպական երկրների միջև գիտակրթական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Համաժողովի երկրորդ օրը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել QS-ի ղեկավարության և փորձագիտական թիմի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքին, Հայաստանի բուհերի QS վարկանիշավորման հիմքում ընկած տվյալներին, աշխատաշուկայի և հմտությունների գլոբալ վերլուծության QS-ի գործիքակազմին, ինչպես նաև ապագայում Հայաստանում QS-ի համաժողովների և այլ միջազգային միջոցառումների կազմակերպման հնարավորություններին։
Հայաստանյան պատվիրակության անդամները նաև ակտիվ մասնակցություն են ունեցել համաժողովի թեմատիկ պանելային քննարկումներին։ Որպես բանախոսներ հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ «The Reputation Gap: What European Universities Can Do About It» թեմայով, և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը՝ «Employability or Illusion? How Universities Must Sell the Dream of a Great Career» թեմայով։
QS Higher Ed Summit: Europe 2026-ը համախմբել էր աշխարհի տարբեր երկրների կրթության ոլորտի պատասխանատուների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ավելի քան 500 համալսարանների ղեկավարների, գիտնականների և փորձագետների՝ դառնալով բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման կարևոր հարթակ։
QS-ի հետ մեկնարկող համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի բուհերի միջազգային զարգացման, համաշխարհային վարկանիշներում առաջընթացի, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացման համար։