


Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Զոկուլսկիին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման նպատակն էր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» ամփոփումը և արդյունքների քննարկումը։
Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ համայնքներում կառուցվել են 10 կացարաններ, վերանորոգվել են 10 գյուղական ամբուլատորիաներ, տեղադրվել են 74 էներգետիկ կայաններ, ինչպես նաև Ճամբարակ և Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։
Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև իրականացվող և պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման և սոցիալական զարգացման գործում։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն) ավելի քան 100 հազար հայերի ելքն սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։ Դրան նախորդել էին Ադրբեջանի կողմից Արցախի ամիսներ տևած շրջափակումը (2022 թվականի դեկտեմբերի 12-ից), որը տարածաշրջանում առաջացրել էր հումանիտար սուր ճգնաժամ, և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները։ Սեպտեմբերի 20-ին ԼՂՀ իշխանությունները համաձայնել էին զինաթափել ԼՂՀ պաշտպանության բանակը և բանակցել: Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու և բոլոր պետական հիմնարկները լուծարելու մասին:



