
Արմինֆո. Երեւանում մարդատար ավտոմեքենաների միջին արագությունը 25 կմ/ժամ է եւ շարունակում է նվազել՝ հասնելով 23,5 կմ/ժամի: Այդ մասին հունիսի 29-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վկայակոչելով Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոնի 2025 թվականի տվյալները:
Նրա հավաստմամբ՝ պիկ ժամերին քաղաքում երթևեկության արագությունը նվազում է մինչև 10 կմ/ժամ, մինչդեռ, հետիոտնի միջին արագությունը կազմում է մոտ 5 կմ/ժամ:
Այդ առնչությամբ քաղաքապետն ուշադրություն է հրավիրել մարդատար ավտոմեքենաներով կարճ ուղևորությունների մեծ քանակի վրա՝ մինչև 2 կմ հեռավորության վրա: Դրանց բաժին է ընկնում տրանսպորտային ընդհանուր հոսքի մոտ 15%-ը, ընդ որում, նման ուղևորությունների 35%-ը կատարվում է Կենտրոն վարչական շրջանում:
"Սրանք կարևոր վերլուծական տվյալներ են, որոնք մեզ հիմք են տալիս հետագա անելիքները պլանավորելու համար", - ասել է Ավինյանը՝ հանձնարարելով պրոֆիլային վարչությանը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մշակել արդյունավետ լուծումներ: Այդ առումով առաջնահերթություններից մեկը, նրա խոսքով, պետք է դառնա հասարակական տրանսպորտի համար առանձին գոտիների ստեղծումը։ "Որովհետև մեր փողոցները հնարավոր չէ ընդլայնել", - նշել է քաղաքապետը:
Դրա հետ մեկտեղ, չնայած ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման տարբեր նախագծերի իրականացմանը, մասնավորապես, Արշակունյանց պողոտան Իսակովի պողոտային միացնելուն և Հրազդանի կիրճով նոր կամուրջներ կառուցելու ծրագրերին, Ավինյանի խոսքով, ամենուր, որտեղ դա հնարավոր է, անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի համար առանձին գոտիներ հատկացնել՝ տեղաշարժն ավելի հարմարավետ և արագ դարձնելու համար:
Բացի այդ, ինչպես հաղորդել է քաղաքապետը, քաղաքի մուտքերում և նրա տարբեր շրջաններում նախատեսվում է ստեղծել ավտոկայանատեղիներ, որտեղ ավտովարորդները կկարողանան թողնել մեքենաները և շարունակել ճանապարհը հասարակական տրանսպորտով:
"Լուծումը կայանում է նրանում, որ մարդատար մեքենաները պետք է ավելի քիչ մուտք գործեն քաղաք, հատկապես, նրա ամենածանրաբեռնված շրջաններ, իսկ հասարակական տրանսպորտը պետք է շատ ավելի արդյունավետ աշխատի։ Սա միակ ճիշտ ճանապարհն է, որով մենք կարող ենք առաջ շարժվել", - ընդգծել է Ավինյանը։