


Արմինֆո.«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմամշակութային օբյեկտների պահպանության ծառայությունը:
Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:
Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։ «Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից», - նշվում է հաղորդագրությունում:



