


Արմինֆո.Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը, հանցագործություն են կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ իշխանությունները փոփոխություն են կատարել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Արարատ և Վեդի համայնքները, ներառյալ Տիգրանաշեն գյուղը, միավորվել են մեկ համայնքի մեջ։ Այլ կերպ ասած՝ Տիգրանաշենի պատկանելիությունը ՀՀ-ին ամրագրված է օրենքով, և այդ փոփոխությամբ այն փաստացի վերահաստատվել է ներկայիս իշխանությունների կողմից։
«Ուստի բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում կամ քննարկում են Տիգրանաշենի պատկանելիությունը ՀՀ-ին, հանցագործություն են կատարում Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով։ Խնդրում եմ, եթե նկատեք նման հայտարարություններ, ուղարկեք ինձ, որպեսզի ես դրանք փոխանցեմ իրավապահ մարմիններին», - գրել է քաղաքական գործիչը։
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանը պետք է վերադարձնի Բաքվի վերահսկողության տակ գտնվող իր ինքնիշխան տարածքները։ Այս ֆոնին հասարակության մեջ ենթադրություններ հայտնվեցին, որ վարչապետի հայտարարությունը կարող է անուղղակի ազդանշան լինել Հայաստանի տարածքում գտնվող նախկին անկլավները, այդ թվում՝ Տիգրանաշեն գյուղը, Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։



