


Արմինֆո.Մի պետություն, որը գոյություն չի ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման պահին, որոշել է գնահատական տալ Իսրայելի կառավարության կողմից մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության ճանաչման փաստին։
Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ այս կապակցությամբ ասվում է, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության ընդունած որոշումը «լրջագույն մտահոգություն» է առաջացնում։
Ավելին՝ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը, որին կարելի է մրցանակ տալ պատմական իրականության կեղծումների քանակի համար, հայտարարել է, թե «1915 թվականի իրադարձությունների մասին պատմական ճշմարտության խեղաթյուրումը», բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի է։
«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ առկա հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովմանն ուղղված ջանքերին։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր ընդունած որոշումը։ Ադրբեջանը այսուհետ ևս հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման ուղղությամբ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ճիշտ է, չի պարզաբանվում, թե հատկապես ինչպիսի պատմական ճշմարտության մասին են խոսում Բաքվում։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն Ցեղասպանություն է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։ Նախաձեռնությունը հանդես էր բերել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Կնեսետի հաստատմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Իսրայելի այս նախաձեռնության խիստ քննադատությամբ։



