
Արմինֆո. Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսական անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Այդ առնչությամբ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը, Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ և ԵՄ միջև ռազմավարական ընտրության հարցում։ Նա հիշեցրել է, որ նման քայլի առկա ռիսկերի և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին խոսվել է մայիսի 29-ին Աստանայում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարության մեջ: "Ուստի Երևանի ռազմավարական ընտրության մասին հարցին, ինչպես կոչ է անում ինքը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է հնարավորինս շուտ պատասխանել։ Սակայն Հայաստանի վարչապետը հանրապետության կառավարության հունիսի 25-ի նիստում իր հայտարարություններում, ինչպես նաեւ դրա արդյունքների շուրջ լրագրողների հետ շփման ընթացքում զրույցը տանում է մի կողմ ՝ դեմագոգիայի ոլորտ, ինչպես դա արդեն արել է ՀԱՊԿ-ին Երեւանի մասնակցության, այսպես կոչված, սառեցման առնչությամբ", - ուշադրություն է հրավիրել Զախարովան։
Մինչդեռ, ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, գլխավոր հարցը մնում է անպատասխան։ Մասնավորապես, ինչպես պարզաբանել Է Զախարովան, "ինչպես կարելի է 2025 թվականին ընդունել "Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին" օրենք, պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ հետ համատեղ հռչակագրեր ստորագրել ՝ կոնկրետ քայլերի ցանկով, որոնք ուղղված են հանրապետությունն այդ միավորմանը մերձեցնելուն, եւ այդ ամենի հետ միաժամանակ խոսել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին"։
Այդ առնչությամբ Զախարովան հիշեցրել է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն իրենց հայտարարության մեջ նաև նշել են, որ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին զեկույց կներկայացվի Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին: "Այն ժամանակ էլ չորս երկրների առաջնորդներն ընդհանուր դիրքորոշում են հայտնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ հետագա անդամության վերաբերյալ հանրապետությունում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին", - հիշեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը ։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է:
Հավելենք, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել էր որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում գտնվելու մասով։ Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել և պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ընտրության հարցում։