


Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։
«Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը:
Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ, որը վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել, որն ուղեկցվել էր փոխադարձ մեղադրանքներով: Մասնավորապես, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո ընդդիմադիր "Մայր Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները տեղից սկսել են սուր քննադատությամբ հանդես գալ իշխող ուժի հասցեին: Ի պատասխան՝ Փամբուխչյանը նիստի մասնակիցներին կարգի է հրավիրել, սակայն վեճը շարունակվել է։ Շուտով բանավոր կոնֆլիկտը վերածվել է քաշքշոցի, իսկ հետո ՝ ծեծկռտուքի։ Իրավիճակը կարգավորելու համար միջամտել են անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որից հետո նիստում ընդմիջում է հայտարարվել:



