
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նիստերի դահլիճում հունիսի 22-ին իր աշխատանքն է սկսելու ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը՝ «Փնջեր և ճառագայթում. փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով: Գիտաժողովի շրջանակներում, որը կհամախմբի գիտության ավելի քան 150 ներկայացուցչի Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Մալայզիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և Իրանից, կանցկացվի նաև «Ռադիացիոն ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը: Այն նվիրված է խորհրդային և հայ անվանի գիտնական-ֆիզիկոս, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հիշատակին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունը, միջոցառումները կազմակերպվել են Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կողմից՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
Գիտաժողովի նպատակն է քննարկել գիտական ձեռքբերումներն ու դրանց գործնական կիրառումը ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում: Կստեղծվի հարթակ երիտասարդ մասնագետների և ճանաչված գիտնականների համատեղ հետազոտությունների պլանավորման համար, որը կներառի ինչպես հիմնարար գիտական խնդիրներ, այնպես էլ կիրառական հարցեր: Միջոցառումներն ուղղված են Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը:
Այս գիտական ուղղության առաջնահերթությունը պայմանավորված է նրանով, որ այն բարձր տեխնոլոգիաների հիմքն է և լուծում է կենսականորեն կարևոր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում. բժշկության մեջ՝ ճառագայթային թերապիայի նոր մեթոդների մշակման, նոր ռադիոֆարմպրեպարատների և բժշկական տոմոգրաֆների ստեղծման գործում. տրված հատկություններով նոր նյութերի՝ բյուրեղների և ֆունկցիոնալ նյութերի ստեղծման գործում, որոնք օգտագործվում են միկրոէլեկտրոնիկայում, տիեզերական արդյունաբերության մեջ (արբանյակների պաշտպանությունը ռադիացիայից) և քվանտային համակարգիչներում. էներգետիկայում՝ ատոմակայանների անվտանգ շահագործմանն ու ապագա թերմոմիջուկային ռեակտորների նախագծմանն ուղղված հետազոտություններում. էկոլոգիայում՝ ռադիացիոն մոնիթորինգի համակարգերի, թափոնների մաքրման մեթոդների մշակման գործում և հարակից այլ բնագավառներում: