
Արմինֆո. Երևանի "Ոսկե ծիրան"23-րդ միջազգային կինոփառատոնը հանդիսատեսին կներկայացնի համաշխարհային և հայկական կինեմատոգրաֆի միանգամից մի քանի նշանակալի ֆիլմեր՝ հատուկ ցուցադրություններով և նոր վերականգնված տարբերակներով:
Ինչպես հաղորդել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից, գլխավոր պրեմիերաներից մեկը կլինի Գոռ Կիրակոսյանի "Մեծ պատմություն փոքր քաղաքում" կատակերգության վերականգնված տարբերակի ցուցադրությունը: Անկախ Հայաստանի ամենահաջողված կատակերգական նախագծերից մեկը դարձած ֆիլմը թողարկումից քսան տարի անց կրկին մեծ էկրանին կհանդիպի հանդիսատեսի հետ:
"Ֆիլմը, որը ժամանակին չէր իջնում հեռուստաէկրաններից, անկախ Հայաստանի ամենահաջողված կատակերգություններից է, որը փորձում է խորհրդային հայկական կինոյի հումորային ավանդույթները համադրել 2000-ականների երևանյան իրողությունների հետ՝ արդյունքում ստեղծելով բարեսիրտ պատմություն՝ հիշվող հերոսներով ու անհեթեթ իրավիճակներով։", - նշում են փառատոնի կազմակերպիչները:
Ծրագրի մեկ այլ իրադարձություն կլինի Ժան-Պիեռ Ժյոնեի "Ամելի" ֆիլմի հոբելյանական ցուցադրությունը, որն այս տարի դառնում է 25 տարեկան: Հենց այս նկարն է օգնել հանդիսատեսի մի ամբողջ սերնդի կրկին հավատալ երևակայության ուժին և առօրյա կյանքում հրաշքը տեսնելու կարողությանը: "Ուղիղ 25 տարի առաջ մեզ հիշեցրին՝ չնայած դարը փոխվել է, հրաշքները դեռևս թաքնվում են առօրյայի մանրուքների մեջ՝ օգնելով երևակայությանը հաղթանակել միայնության նկատմամբ։ «Ամելին» Մոնմարտրի փողոցները վերածեց ժամանակակից հեքիաթի։ Ֆիլմի հերոսուհու հայացքով աշխարհը ձեռք բերեց կախարդական երանգներ, իսկ ամենափոքր ժեստերը մարդկային կյանքեր վերափոխեցին։ Տեսողական գերերևակայության, նուրբ հումորի և մեղմ մելանխոլիայի բացառիկ համադրությամբ Ժան-Պիեռ Ժյոնեի «Ամելին» դարձավ մի ամբողջ սերնդի համար ուրախության, հույսի և երազելու կարողության խորհրդանիշ։ «Ամելի»-ի հոբելյանական հատուկ ցուցադրությանը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ֆիլմը կներկայացնի նրա անմոռանալի պատկերաշարի ճարտարապետը` օպերատոր Բրյունո Դելբոնելը», - նշում են կազմակերպիչները ։
Փառատոնային ծրագիրը ներառում է նաև իրանական կինոյի մեծագույն գլուխգործոցներից մեկը՝ Բահրամ Բեյզաիեի «Բաշուն՝ փոքրիկ օտարականը», ինքնության վերգտման հեքիաթ, պատերազմի մոխիրներից ծնված կարեկցանքի ու համակեցության պոեմ։ «1989 թվականին ստեղծված հազվագյուտ կինեմատոգրաֆիական այս 35-միլիմետրանոց հրաշալիքի 4K ռեստավրացիան Բեյզաիե մահվան տարում Venice Classics-ում ճանաչվեց լավագույն վերականգնված ֆիլմ։ Շուտով այս գլուխգործոցը դիտելու հնարավորություն կունենա նաև «Ոսկե ծիրան»-ի հանդիսատեսը - ասվում է հաղորդագրության մեջ ։
Այսպիսով, "Ոսկե ծիրանն" իր հանդիսատեսին ոչ միայն կներկայացնի նոր ֆիլմեր, այլև մեծ էկրաններ կվերադարձնի այն ֆիլմերը, որոնք տարբեր տարիներին դարձել են մշակութային կարևոր երևույթներ:
Նշենք, որ "Ոսկե ծիրան" Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12-19-ը ։ Ինչպես նախորդ տարիներին, հանդիսատեսին կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրների ֆիլմերի մասնակցությամբ, ինչպես նաև առաջատար միջազգային կինոփառատոններում ցուցադրված ֆիլմեր, այդ թվում ՝ Կաննի, Բեռլինի և այլն:
Փառատոնի օրերին Հայաստան կժամանեն աշխարհահռչակ ռեժիսորներ, դերասաններ, հեղինակներ և կինոարտադրության մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործությունը կներկայացնեն հայ հանրությանը ՝ ստեղծելով երկխոսության, գաղափարների փոխանակման և մշակութային փոխգործակցության յուրօրինակ հարթակ: