
Արմինֆո. Ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը հայ ժողովրդին առաջարկի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՝ արձագանքելով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքների հրապարակմանը:
«Հայոց պատմությամբ չափես, թե անվանափոխված Հայաստանի՝ երեկ հայտարարված պաշտոնական «թվերը»՝ ե՛ւ իրենց արտացոլած բովանդակությամբ, ե՛ւ խորքային ընթացակարգով, առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը։
Օրինակարգության բաց ու բացակայություն ունեցել ենք միշտ՝ արդի շրջանում 1995 թվականից այս կողմ։ Պատասխանատվություն ստանձնելու քաջություն ունեցել են կամ՝ ոչ, հարափոփոխ իշխանություններն անիրավ և անօրեն ընտրությունների խարանը կախել են մեր երկրի ու ժողովրդի վրա՝ կամա թե ակամա ապահովելով հետագա տեղապտույտների և կորուստների ենթահողը։
Սակայն հին լինի, թե նոր, թագավորություն կամ հանրապետություն, ոչ մեկն այսպիսի պիղծ-երեսպաշտ ընթացքով ու էությամբ չի նվաճել “illegitimate” (ոչ լեգիտիմ) իշխանության թագը, որքան՝ զազրախոս խունտայի վերածվող մեր երբեմնի ընդդիմադիր «դեմոկրատները»։
Վիճակը նետված է, մեր ինքնությունը՝ զգետնված, բայց «անձև քաոս»-ից արժանապատվության մի կաթիլ հույս քամելու համազգային հնարավորությունը տակավին մեր ձեռքերում է։ Ինչ էլ որոշեն ընտրական այսօրվա առաջատարները՝ մանդատ վերցնել, թե մերժել, մեկ է՝ հրամայական է դարձել՝ թեկուզ ուշացած, մեջտեղ բերել իշխանության համապետական, համապարփակ և իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ։
Նեղլիկ, ինքնագոհ, հատվածապաշտ ու կուռքային լուծումներն անպտուղ են, անկենդան: Մեզ տրված է շնորհ ու ճանապարհ՝ Աստծուց և ՀՀ քաղաքացուց. շտկել մեր մեջքը, ռազմավարական, գաղափարական, կազմակերպչական ու քարոզչական մեր բոլոր սխալները և մեկընդմիշտ դուրս գալ պատմական ու այժմեական մեղքերի անդառնալի այս հորձանուտից։
Հինգ տարի չենք ձգելու», - գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նշենք, որ հունիսի 14-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները: Ըստ նրա, ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,9 տոկոս կամ 1 մլն 476 769 քաղաքացի ։ Հայաստանի խորհրդարան են անցնում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ՝ ընտրողների ձայների 49,7456% - ով, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը ՝ 23,2710% - ով, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստանը" ՝ 9,9231% - ով: Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը ձայների վերահաշվարկի արդյունքում չի կարողացել հաղթահարել խորհրդարանի 4 տոկոսի անցողիկ շեմը՝ ստանալով ընդամենը 3,9893 տոկոս:
Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ը չեղյալ է համարել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ստացել է 200-ից ավելի ձայն: Նիստի ժամանակ Հովակիմյանը հավաստիացրել է, որ այդ տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ հրաժարվել է կազմակերպել կրկնակի քվեարկություն նշված տեղամասերում: Այսպիսով, ըստ Հովակիմյանի, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ Փաշինյանի կուսակցությունը' 64 մանդատ եւ 3/5 սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում: Կարպետյանի դաշինքը՝ 29 մանդատ, և Քոչարյանի դաշինքը ՝ 12 մանդատ ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ