


Արմինֆո. Հայաստանի կինոյի հիմնադրամը տեղեկացնում է, որ ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից, հղում կատարելով դեռևս 1990-ական թվականներին կնքված պայմանագրին, ներկայացվել են պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։
«Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը։
Հայկական կինոժառանգությունը մեր ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, իսկ դրա պահպանությունը, հանրահռչակումը և միջազգային ներկայացումը Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջնահերթություններից են։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով», - ասվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։



