


Արմինֆո. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռուսաստանի օրվա ազգային տոնի առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանատան ընդունելության ժամանակ:
Նա հույս է հայտնել, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։
Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանին և Ռուսաստանին կապում են դարավոր պատմական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև հումանիտար սերտ կապերի վրա: "Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը եւ համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից եւ նպաստում տարածաշրջանում կայունության եւ բարեկեցության ամրապնդմանը", - ասել է Գրիգորյանը:
Իր ելույթում նա Ռուսաստանի Դաշնությանը մաղթել է խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին՝ երջանկություն, բարեկեցություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Նշենք, որ ընդունելությանը հայկական կողմը ներկայացված էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանի մակարդակով, ներկա էին նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք:



